ԹԵՅ ՍԵՎ (Camellia Sinensis)
Սև թեյի հայրենիքը համարվում է Չինաստանը: Ըստ չինական վիպասքի՝ թեյաբույսն աճել է ետնին ընկած մի գհոգևորականի կոպերից: Նա աղոթքի պահին ակամա քնել է և ինքն իր վրա բարկացած, որոշել է կտրել կոպերը: Մինչև այժմ էլ չինարենում ու ճապոներենում ՙթեյ՚ և ՙկոպ՚ հասկացությունների համար օգտագործվում է միևնույն գաղափարագիրը: Դժվար է ասել, թե որքանով է իրական այս ասքապատումը, բայց որ թեյի ներթափանցումը մարդկանց աշխարհը ի վերուստ էր սահմանված՝ անառարկելի է: Հենց թեկուզ այն պատճառով, որ թեյը երկրագնդի ամենատարածված ըմպելիքն է, մոտ երկու միլիարդ մարդու համար առաջին անհրաժեշտության կենսամթերք: Չինացիները աշխարհին ոչ միայն թեյի անվանումը նվիրեցին, այլև օգտագործելը սովորեցրին: Այժմ թեյի համաշխարհային վաճառքի մոտ 98%-ը կազմում է սև թեյը, որն ունի համի ու հոտի ամենահարուստ հաջորդափունջը: Սև թեյն արտադրության ընթացքում ենթարկվում է լիարժեք խմորման, ինչը հումքին յուրահատուկ սև գույն և խեժի կամ բալասանի բույր է հաղորդում: Ցանկացած տեսակի սև թեյ առանձնանում է ինչպես որակային հատկանիշներով, այնպես էլ որակին համապատասխան արտաքին տեսքով ու բույրով:
Ու չնայած սև թեյն ուսումնասիրվում է երկար դարեր, համեմատաբար վերջերս է միայն հնարավոր դարձել բացահայտել, թե ինչ նյութեր է պարունակում: Առայժմ հայտնի են սև թեյի մոտ 300 բաղադրատարրեր, որոնցից ամենակարևորները համարվում են աղանյութերը, եթերային յուղերը, ամինաթթուները, ալկալոիդները, սիգմենտները: Ուշագրավ է, որ սև թեյի բաղադրությունում առկա է վիտամինների գրեթե ամբողջ այբուբենը: նախավիտամին A (կարոտին), վիտամին B-1 (Տիամին), B-2 (ռիբոֆլավին), վիտամին PP (նիկոտինաթթու), վիտամին P և վիտամին K: ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ընկերությունը սև թեյի հումքը ներմուծում է Վրաստանի Հանրապետությունից, որտեղ այդ արժեքավոր բույսի մշակությունը սկսել են չինացիները՝ դեռևս 19-րդ դարում: Վրացական թեյը վաղուց արդեն համբավի է հասել ամբողջ աշխարհում, միջազգային բազում մրցանակների արժանացել: Ով թեյ է խմում, պիտի իմանա, որ այն ոչ միայն հաճելի, այլև բուժիչ ըմպելիք է: Թեյը, մասնավորապես, խթանում է ստամոքսահյութի անջատումը, բարելավում է ախորժակը, մարսողությունը: Թեյի որոշ բաղադրատարրեր լայնացնում են ուղեղի ու սրտի արյունատար անոթները, բարելավում շնչառությունը:
|