ՈՒՐՑ ՍՈՂԱՑՈՂ (Thymus Serpyllum L.)
Ծագումնաբանական անվանումը հունարեն ՙthymos՚ բառից է, խորհրդանշել է արիություն, կորով: Միջին դարերում ուրցի ծաղիկը պատկերում էին ասպետների զրահների, վզնոցների վրա՝ կամք, վճռականություն հաղորդելու համար: Ուրցը նաև պաշտամունքային բույս է եղել, այրել, բուրավետ ծխով խնկարկել են տաճարները, Աստվածածնի տոնին ծաղկաբույլերով զարդարել Տիրամոր սրբապատկերը: Հին հույներն ու հռոմեացիները հավատացած էին, որ այն աստվածային հատկություններով է օժտված, ի զորու է վերադարձնելու ոչ միայն մարդու առողջությունը, այլև՝ կյանքը, այդ պատճառով էլ ուշագնացների ռունգերին ծեծած ուրց էին մոտեցնում, մեղրով խառնում, ծննդկան կանանց էին մատուցում:
Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագն իր դեղաբույսերի ու դեղամիջոցների բազմահատոր գրքում ուրց պարունակող 28 սպեղանի է վկայակոչում, միջնադարյան իմաստասեր ու բժշկապետ Ավիցեննան ՙԳիրք ապաքինության՚ 18 հատորանոց աշխատությունում առաջարկում է ուրցը քացախով ու վարդի յուղով եփել, հիվանդի գլխին փաթաթել՝ բուժելու համար մոռացկոտությունը, խելացնորությունը, մզնքատապը (մենինգիտ), անգամ՝ մահաքունը: Եվրոպայում, վաղ միջնադարում, ուրցն օգտակար էին համարում ստամոքսային հիվանդությունների, փայծաղի, լյարդի, կանացի հիվանդությունների, շնչուղիների, ջղարմատների բորբոքման, հոդացավերի դեպքում: Մինչև օրս էլ իշխում է այն մտայնությունը, որ գիշերները ուրց պարունակող բարձին քնելը նպաստում է առողջությանն ու երկարակեցությանը: Նման համոզմունքը պատահական չէ՝ ուրցը պարունակում է 0,1-ից մինչև 2% եթերային յուղ, որի հիմնական բաղադրամասը թիմոլն է: Ուրցը նաև հիանալի մեղրատու է: Ուրցի թեյը անփոխարինելի հակամանրէական միջոց է, բարձրացնում է անվարակելիությունը, ամրապնդում է կարողունակությունը, դիմադրողականությունը, վերացնում է հոգնածությունն ու նյարդայնությունը£
|